Դատարանը սկանդալից հետո պաշտոնում վերականգնել է Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավարին

Աննա Եղիազարյան
Աննա Եղիազարյան. Արխիվային լուսանկար
Ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված սկանդալներն ու վեճերը վերջին տարում կազմակերպությունում ճգնաժամ են առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Անցած տարվա փետրվարին սկսված սկանդալային գործընթացներից հետո Երևանի վարչական դատարանը Աննա Եղիազարյանին վերականգնել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում:
Ինչպես տեղեկացրել է կառույցը, դատարանը ոչ իրավաչափ և անօրինական է ճանաչել Եղիազարյանի պաշտոնանկությունը և այդ պաշտոնում այլ անձի նշանակումը, որի մասին որոշումը կայացվել էր 2024 թվականի փետրվարի 8-ին: Նշվում է նաև, որ կադրային անօրինական որոշումների և կամայականությունների պատճառով շատ բարձրակարգ մասնագետներ ստիպված են եղել թողնել աշխատանքը, ինչն ազդել է կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա և ֆունկցիոնալ առումով թուլացրել այն:
Դատարանի որոշումը կնպաստի երկարատև հակամարտության և ճգնաժամի վերացմանը և օրինականության վերականգնմանը, հայտարարել են Կարմիր խաչի ընկերությունում:
Նշենք, որ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ 2024 թվականի փետրվարի 8-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահությունը Աննա Եղիազարյանին հրավիրել է 2023 թվականի գործունեության հաշվետվության և պարզաբանման, թե ինչու չեն ներկայացվել 2023 թվականի բյուջեն և 2024 թվականի ծրագիրը։ Չստանալով բավարար պատասխաններ՝ նախագահությունը Եղիազարյանի փոխարեն ընտրել է նոր գլխավոր քարտուղար՝ Արթուր Արիստակեսյանին: Որոշմանը դեմ են արտահայտվել Եղիազարյանի կողմնակիցները, ինչը երկարատև ճգնաժամ է առաջացրել կազմակերպության աշխատանքում: