Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվեց

Էքրեմ Իմամօղլու
Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ստամբուլի քրեական դատարանը քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, և նրան շուտով կտեղափոխեն բանտ, հայտնում է A haber հեռուստաալիքը։
Այդպիսով դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը քաղաքապետին կալանքի տակ վերցնելու մասին՝ նրա դեմ հարուցված գործերը քննելու ընթացքում:
Իմամօղլուին մեղադրանք է առաջադրվել երկու գործի շրջանակներում։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանում կոռուպցիային, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելուն։ Նշվում է, որ նա ձերբակալվել է կոռուպցիայի գործի շրջանակներում։
Չնայած դրան, մեղադրանքի միջնորդության մեջ նշված են զինված ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու, կաշառակերության մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:
Թուրքիայում բողոքի ակցիաներից հետո ավելի քան 300 մարդ է ձերբակալվել
Արդարադատության նախարար Յլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:
Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները զրպարտություն են:
Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։