ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Իրանը ներկայիս պայմաններում արդեն չի կարող բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե «ինչ-որ բան չփոխվի»։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե մենք վերադառնանք այն ժամանակվա ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, միջուկային գործարք- խմբ.) պայմաններին, մենք հաստատ կգնանք նույն ճանապարհով։ Բայց բնական է, որ հաշվի առնելով մեր ունեցած փորձը, մենք կարող ենք որոշակի ճշգրտումներ կատարել: Այն փաստը, որ մենք «ոչ» ենք ասում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, կամ դա պնդում է ղեկավարությունը, պայմանավորված է մեր փորձով, այլ ոչ թե համառությամբ։ Որպես դիվանագետ՝ ես հայտարարում եմ, որ այս պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնել այլևս հնարավոր չէ, եթե միայն ինչ-որ բան չփոխվի։ Ուստի Վաշինգտոնի հետ բանակցություններից հրաժարվելու քննարկումը չպետք է դիտարկել որպես ձախողման նշան։ ԱՄՆ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը լճացման վիճակում չէ»,- ասել է Արաղչին։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին և կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ է դիտարկում՝ ռազմական և դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվություն է տալիս բանակցություններին։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում` Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Միացյալ Նահանգները Թրամփի նախորդ նախագահության ժամանակ` 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։