ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն X սոցիալական ցանցում կոչ է արել իր կողմնակիցներին պայքարել իրենց իրավունքների համար և իրենց ձայնը բարձրացնել հրապարակում:
«Ես կոչ եմ անում մեր ազգին պայքարել իրավունքների համար պատասխանատվության զգացումով։ Իրավունքների համար այս պայքարը մեր ազգի և մեր երեխաների ապագայի հարցն է: Անպայման այսօր (խոսքը հիմնական ընդդիմադիր կուսակցության փրայմերիզի մասին է- խմբ.) քվեարկեք Թուրքիայի ապագայի օգտին։ Այնուհետև բարձրացրեք ձեր ձայնը՝ հավաքվելով Ստամբուլի Սարաչխանե հրապարակում և այլ քաղաքների ժողովրդավարության հրապարակներում: Սա այն օրն է, երբ պետք է պատասխանատվություն ստանձնել նրանց դեմ, ովքեր գողացել են ժողովրդի կամքը և միանալ իրավունքների համար պայքարին», - գրել է քաղաքական գործիչը X սոցցանցում:
Թուրքիայում դատարանը կոռուպցիայի մեջ կասկածվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին այսօր կալանավորելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու գործի շրջանակներում։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանում կոռուպցիային, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելուն։ Նշվում է, որ նա ձերբակալվել է կոռուպցիայի գործի շրջանակներում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնվել իշխանությունների ճնշման տակ։
Մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Թուրքիայի խոշոր քաղաքներում։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը մեղադրել է ոստիկանության և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ նշելով, որ կառավարությունը կենտրոնացած է երկրի հրատապ խնդիրների լուծման վրա:
Արդարադատության նախարար Յլմազ Թունչը նույնպես կոչ է արել զերծ մնալ փողոցային բողոքներից՝ ընդգծելով, որ Իմամօղլուի գործը Էրդողանի հետ կապ չունի:
Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։