Դաունի համախտանիշի միջազգային օրը կայացավ «Արևի աշխարհ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երաժշտության հեղինակը Sputnik Արմենիայի հաղորդավարուհի Սուսաննա Հովհաննիսյանն է, իսկ բառերը գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։
«Արևի աշխարհը» գրվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի որդու` Մոնթեի համար, որը դաունի համախտանիշ ունի, այնուհետև երգը դարձել է արև երեխաներին համախմբող մի ստեղծագործություն։
«Ավետը մի ծրար բերեց ինձ, ասաց, որ գիշերը չի քնել ու Մոնթեի (քահանայի որդին է, որը նույնպես դաունի համախտանիշ ունի. խմբ.) համար մի բանաստեղծություն է գրել»,– պատմեց Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը։
Երգում կոչ է` նվիրված մարդկությանը, որ արև երեխաները մեր մի մասնիկն են ու բոլորս պետք է նրանց հետ ճանապարհ անցնենք` ամուր բռնելով փոքրիկների ձեռքը, որպեսզի նրանք մշտապես ժպտան։
«Արևի աշխարհ» երգը կատարում են հայ աստղերը` Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Հասմիկ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Դաունի համախտանիշի միջազգային օր։