ՌԴ–ն համաչափ պատասխանի իրավունք է վերապահում. Մոսկվան զգուշացնում է Կիևին

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն արձանագրում է, որ Ուկրաինան խախտում է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելու մասին պայմանավորվածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները շարունակելու դեպքում Մոսկվան իրեն համաչափ պատասխանի իրավունք է վերապահում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չնայած էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ չհասցնելու մասին ԱՄՆ-ի նախաձեռնած պայմանավորվածությանը, որին Կիևը, թվում էր, պաշտոնապես հավանություն տվեց, նացիստական ռեժիմի նենգ հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա շարունակվում են»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ:
Մարտի 19-ին հարվածի տակ է հայտնվել Կուբանի նավթաբազան, մարտի 21-ին՝ Կուրսկի մարզի «Սուջա» գազաչափիչ կայանը։
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ արձանագրվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները բնակելի շենքերի և սոցիալական հաստատությունների վրա գիտակցաբար ուղղորդելու հերթական բարբարոսական դեպքերը:
«Ակնհայտ է, որ նման արարքներով Կիևը կրկին ցույց է տալիս, որ ունակ չէ պահպանել պայմանավորվածությունները, և որ խաղաղության հասնելու ձգտումը լիովին բացակայում է»,– նշել է Զախարովան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ ինչպես 2022 թվականին, այնպես էլ հիմա սադրանքներ են գործի դրվել՝ բանակցային գործընթացը խափանելու նպատակով։
Հիշեցնենք ` մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:
Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է այդ առաջարկին։
Կուբանի էներգաօբյեկտների վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումները սաբոտաժ են. Կրեմլ