ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ կապ չունի Իսրայելի տարածքի վրա հրթիռների արձակման հետ:
Այսօր ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական բանակը զանգվածային հրետակոծություն է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիայի շրջանի Յահմար Էշ Շաքիֆ բնակավայրի մերձակայքում՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իսրայելական Միթուլա բնակավայրի ուղղությամբ հրթիռների արձակման: Դրանից հետո Իսրայելի ՌՕՈւ-ն Լիբանանի հարավում զանգվածային ռմբակոծությունների է ենթարկել ավելի քան հինգ բնակավայր:
««Հզբոլլահը» ոչ մի կապ չունի Հարավային Լիբանանից Պաղեստինի օկուպացված տարածքի ուղղությամբ հրթիռների արձակման հետ»,- հայտարարել է շարժումը։
«Հզբոլլահը» Իսրայելին մեղադրել է Լիբանանի նկատմամբ սեփական թշնամական գործողություններն արդարացնելու փորձերի մեջ:
«Հերթական անգամ հայտարարում ենք, որ մենք պահպանում ենք հրադադարի մասին համաձայնագիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելն ու Լիբանանը մարտի 11-ին բանակցություններ սկսեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագրի իրականացման շրջանակում տարածքային վեճերի կարգավորման շուրջ: Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի աշխատակազմից աղբյուրը լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին հայտնեց, որ կայացած բանակցությունները որևէ կապ չունեն հարաբերությունների կարգավորման հետ, այլ ուղղված են տարածքային հարցերի լուծմանը և Իսրայելի բանտերից Լիբանանի քաղաքացիների ազատ արձակմանը:
Իսրայելի պաշտպանության բանակը պետք է Լիբանանի հարավում գտնվող գրավյալ շրջաններից իր զորքերի դուրսբերումն ավարտեր հունվարի 26-ի առավոտյան՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օր անց: Սակայն Թել Ավիվը չկատարեց իր պարտավորությունները։ Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց իսրայելա-լիբանանյան համաձայնագրի ժամկետը մինչև փետրվարի 18-ը երկարաձգելու մասին, սակայն Իսրայելի բանակը կրկին խուսափեց դրա պայմանները կատարելուց և պահպանեց իր ներկայությունը Լիբանանի տարածքի հինգ դիրքերում: