Հռոմի պապը ստիպված կլինի վերականգնել խոսելու ունակությունը, կարդինալ Ֆերնանդես

Հռոմի պապ
Հռոմի պապ
Կարդինալը կարծում է, որ Հռոմի պապին հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև Զատիկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը բուժվում է թոքերի բորբոքումից, երկար ժամանակ վերականգնման կարիք կունենա, որպեսզի վերսկսի խոսել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է արգենտինացի կարդինալ, Հավատի դոկտրինի դիկաստերիայի պրեֆեկտ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը:
«Ես նրա հետ շփվելու հնարավորություն ունեցա և ուրախ եմ, քանի որ նա իրեն ֆիզիկապես լավ է զգում: Հիմա վերականգնման կարիք կունենա, քանի որ երկար ժամանակ թթվածնի ինտենսիվ հոսքի պայմաններում ամեն ինչ չորանում է, և ստիպված ես գրեթե նորից խոսել սովորել»,-Հռոմում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է կարդինալը։
Ֆերնանդեսի խոսքով՝ հիմա հայրապետը դժվարությամբ է խոսում, բայց նրա օրգանիզմի վիճակը նույնն է, ինչ առաջ: Կարդինալը նաև հերքել է Հռոմի պապի՝ հանգստի գնալու հնարավորության մասին ենթադրությունը և կարծիք է հայտնել, որ նրան հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև Զատիկ:
«Նա կարող էր վերադառնալ, բայց բժիշկները ցանկանում են 100 տոկոսով վստահ լինել և ուզում են մի փոքր սպասել»,- ասել է կարդինալը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին 88-ամյա Հռոմի պապն ընդունելության ավարտից հետո ուղևորվել է Հռոմի «Gemelli» կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, և նրա վիճակը ծանր է։
Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը մարտի 19-ին հայտնեց, որ Ֆրանցիսկոս պապը քնելու ընթացքում թթվածնային դիմակի կարիք այլևս չունի: Օրվա ընթացքում բարձր թթվածնային հոսքով թերապիայի կարիքը նույնպես նվազել է: Իտալական թերթերն այս շաբաթ հայտնեցին, որ Վատիկանը ապրիլին Հարության տոնի միջոցառումների և ժամերգությունների անցկացման պահուստային ծրագիր է մշակում, եթե Հռոմի պապը մինչ այդ ապաքինված չլինի։