ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի Նավրոզը։ Վարչապետի շնորհավորական ուղերձը հրապարակել է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը շեշտել է, որ քրդական համայնքը մեր հասարակության կարևոր հատվածն է, որը մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ է հաղորդում։
Կառավարության ղեկավարը նրանց մաղթել է նորանոր հաջողություններ, խաղաղ երկինք և առողջություն:
«Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում»,- ասել է Փաշինյանն ու խոստացել, որ կառավարության աջակցությունն այս ուղղությամբ շարունակական կլինի:
Նշենք, որ Նավրոզը նշում են պարսկախոս և թյուրքալեզու ժողովուրդները, այն համարվում է նոր տարվա և գարնան սկիզբը։
«Նավրոզ» բառը պարսկերենից նշանակում է «նոր օր»: 2016 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն տոնը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։