Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում, այն զգացել են նաև Շիրակի և Արագածոտնի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք` մարտի 12–ին 3–4 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Երևան քաղաքից 13 կմ հարավ–արևմուտք, մարտի 8-ին, ժամը 09։26-ին էլ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք էր տեղի ունեցել երկրաշարժ։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ։ Երկրաշարժը զգացվել էր Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
Դրանից հետո 45 հետցնցում էր արձանագրվել, որոնցից ամենաուժեղը՝ 3,2 մագնիտուդով, Սպիտակից 9 կմ հյուսիս։