Քաղաքական ուղղորդված ակցիա է․ Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն հարցաքննության կանչելու մասին

Ռուբեն Մխիթարյան
Մխիթարյանն ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ակտի հետ կապված են հարցաքննության կանչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Սա քաղաքական ուղղորդված ակցիա է։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը իրեն հարցաքննության հրավիրելը։
Նրա կարծիքով՝ երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, և իրեն հրավիրում են ՔԿ հարցաքննության 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ ակտի հետ կապված, ապա սա այլ բացատրություն չի կարող ունենալ։
Փաշինյանի տակտիկական վրիպումը. ինչի՞ կհանգեցնի Գյումրիում ՔՊ–ի հնարավոր իշխանազրկումը
Մխիթարյանն ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ակտի հետ կապված են հարցաքննության կանչել։ Ինչ վերաբերում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուն, Մխիթարյանը նշում է՝ զրկված է եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, վարորդական իրավունք է ստացել հունիսի 25-ին, և արդեն 11 ամիս է՝ վարում է ավտոմեքենան։
«Ես մի ակտ եմ «թալանել» 11 ամիս առաջ»,- կատակեց Մխիթարյանը՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» շարքը։
Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանի կարծիքով ևս տարօրինակ է, երբ ենթադրյալ իրավախախտման մասին հիշում են գրեթե 1 տարի անց՝ նախընտրական բուռն պայքարի օրերին։
Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։