ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հյուսիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությանը:
«Վերջին ժամերի ընթացքում ՑԱԽԱԼ-ի ուժերը ցամաքային գործողություն են սկսել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ափամերձ ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ գործողության մեկնարկից առաջ իսրայելական զորքերը գրոհել են այդ շրջանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքները: Բացի այդ, հաղորդագրության մեջ ասվում է, որ անցած օրվա ընթացքում զորքերը հարվածներ են հասցրել շարժման տասնյակ զինյալների, ռազմական կառույցների, արձակման կայանքների և զենքի պահեստների ուղղությամբ:
Մարտի 18-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատ արձակման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու պատճառով: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ ար-Ռիշկը հայտարարել է, որ Նեթանյահուի՝ պատերազմին վերադառնալու որոշումը նշանակում է Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդների մահվան դատավճիռ:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ի առավոտյան Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 410-ը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի աղազերծման կայանին և փակել անկլավ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: