ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Բաքվի կողմից ներկայացված առաջարկները շատ էին ու բազմապիսի։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Նշենք, որ նա 2023 Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցողներից մեկն էր։ Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
«Որոշում կայացնողն Արցախի ժողովուրդն էր, և Արցախի ժողովուրդը որոշում կայացրեց, որ չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ»,- ասաց Մելքումյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ադրբեջանական կողմից մեծ թվով կետեր են առաջ քաշվել։
Նա խոստացավ առաջիկա օրերին մամուլի ասուլիս հրավիրել և հանգամանալից ներկայացնել ամբողջը։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։