ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաների ու քաղաքապետի կողմնակիցների ձերբակալությունը հեղաշրջման փորձ է։
Ընդդիմադիր ուժի առաջնորդը տեղական «Halk TV» հեռուստաալիքի եթերում իրավապահների գործողությունները, ինչպես նաև հանրահավաքների արգելքը կապել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջիկա փրայմերիզների հետ։
«Ստամբուլ եմ գնում: Այնտեղ հանրահավաքների անցկացման չորսօրյա արգելք է սահմանված: Չորս օրից կանցկացվի Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը: Քառօրյա արգելքը համընկնում է այդ ժամանակացույցի հետ: Էքրեմ Իմամօղլուն արդեն չորս անգամ հաղթել է Էրդողանի առաջադրած թեկնածուներին: Եվ Էրդողանը տեսնում է, որ Իմամօղլուն կրկին կհաղթի: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովրդականությունը, դատելով մի շարք հարցումներից, 20 տոկոսով բարձր է», – հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա համոզված է, որ Իմամօղլուի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հեղաշրջման փորձ են, որը ձեռնարկվել է, քանի որ նախագահական մրցավազքում Ստամբուլի քաղաքապետի հաղթելու շանսերը չափազանց մեծ են։
Հիշեցնենք` Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին մի քանի քրեական գործերով լայնածավալ գործողության շրջանակում։ Մեղադրանքները ներառում են կոռուպցիա (կասկածվում է փողերի լվացման հետ կապված կայուն հանցավոր սխեմաներ ստեղծելու, մրցույթների հետ կապված մանիպուլյացիաների և կաշառքների մեջ) և Քրդստանի աշխատավորական կուսակցության/Քրդստանի համայնքների միության հետ կապված կազմակերպությունների հետ քաղաքական դաշինք ստեղծելու փորձի մեջ։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Թուրքիայում սոցցանցերի և մեսենջերների՝ «X»–ի, «Ինստագրամի», «YouTube»–ի, «TikTok»–ի, «Ֆեյսբուքի» և «WhatsApp»–ի հասանելիության խնդիրներ են ի հայտ եկել։ «DownDetector»-ի տվյալներով՝ խափանումներ են գրանցվել ամբողջ երկրում: