Վանաձորի ոստիկանությունում երիտասարդին բռնության ենթարկելու դեպքով քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտե
Փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունում խոշտանգման դեպք է տեղի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վանաձորի ոստիկանությունում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)»,– նշեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք` փաստաբան Ռոման Երիցյանը մարտի 17–ին հայտնել էր, որ զինված ու դիմակավորված 2 տղամարդ Վանաձորում ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի վարձակալած բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
Ըստ փաստաբանի` ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել է ոստիկանություն որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Տղամարդը հրաժարվել է, ինչից հետո նրան տարել են աշխատասենյակ, որտեղ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել ու պոկել մազերը, հայհոյել։