Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել

Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ շարունակելու են աշխատել ուկրաինական սարսափելի պատերազմին վերջ տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն անվանել է «շատ լավ և արդյունավետ»։ Այս մասին նա գրառում է արել Truth Social-ի իր էջում։
«Մենք պայմանավորվել ենք անհապաղ հրադադարի հաստատման մասին էներգետիկայի և ենթակառուցվածքների բոլոր ոլորտներում՝ գիտակցելով, որ կշարունակենք աշխատել լիակատար հրադադարի հասնելու և, ի վերջո, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին վերջ տալու համար»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են խաղաղության պայմանագրի մի շարք կողմեր` ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են զոհվում, և ինչպես նախագահը Պուտինը, այնպես էլ Զելենսկին կցանկանային, որ այն ավարտվեր:
Թրամփը հավելել է՝ գործընթացը մեկնարկել է ամբողջ ուժով։
«Մենք հուսով ենք, որ հանուն մարդկության բարօրության մենք կիրականացնենք մեր աշխատանքը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մոտ 2,5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Առաջնորդները քննարկել են ոչ միայն Ուկրաինայի հակամարտության, այնպես էլ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հարցերը։