ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ի դեմ սահմանված պատժամիջոցները ոչ միայն ճնշում են գործադրում ռուսական բիզնեսի վրա, այլև խաթարում են ներդրումների և համաշխարհային առևտրի ազատությունը:
«Ռուսական բիզնեսը բախվել է լուրջ մարտահրավերների՝ պատժամիջոցների հզոր ճնշման, միջազգային հաշվարկների և արտաքին շուկաներում գործողությունների սահմանափակումների։ Այդ գործողությունները խաթարում են առևտրի և ներդրումների ազատությունը գլոբալ տնտեսությունում», - նշել է նա Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) համագումարում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի մրցակիցները միշտ ձգտելու են խանգարել ՌԴ–ի զարգացմանը և թուլացնել տնտեսական և տեխնոլոգիական հնարավորությունները։ Նա նաև ընդգծել է, որ եվրոպական շատ երկրներ կորցրել են ինքնիշխանությունը, ինչը բերել է տնտեսական և սոցիալական խնդիրներ:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է եվրոպական երկրների մեծ մասը կորցրել իր ինքնիշխանությունը և բախվել ռեցեսիայի, աճի գրեթե զրոյական տեմպերի և անվտանգության ոլորտում դժվարությունների», — ասել է Պուտինը:
Չնայած արտաքին ճնշումներին՝ Ռուսաստանը կշարունակի աջակցել բիզնեսին և արդյունաբերությանը։ Նախագահը վստահեցրել է, որ կառավարությունն ու մարզերն արդեն իսկ անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում գործարարներին, և այդ գործընթացը շարունակվելու է:
«Մեր կողմից ամեն ինչ կանենք բիզնեսին աջակցելու համար», - ընդգծել է նա:
Պուտինը նաև նշել է, որ բիզնեսի և արդյունաբերողների աշխատանքի կարևորությունը մնում է անփոփոխ, քանի որ նրանց հետևում կանգնած են բազմահազարանոց կոլեկտիվներ, և նրանցից է կախված միլիոնավոր մարդկանց բարեկեցություն:
Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միություն ամենամյա համագումարն ավանդաբար փակում է ռուսական բիզնեսի շաբաթները: ՌԻԱ Նովոստին միջոցառման գլխավոր տեղեկատվական գործընկերն է: