ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը, խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող։ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ենթադրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպած «տարածաշրջանային նշանակություն» եզրույթը։
Ավելի վաղ` մարտի 13–ին, «Իրական Հայաստան» նախագծի քննարկումների ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գաղափարախոսության համատեքստում նոր Սահմանադրություն ունենալն ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած հնարավոր չի ժխտել, որ նախատեսված տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։
«Մենք մեր գործելակերպը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որ մեր երկրում հաստատվի խաղաղություն և անվտանգային միջավայր։ Մեր գործող Սահմանադրությունն այդ իմաստով, չեմ կարծում, որ որևէ բանով խանգարում է։ Խաղաղության գործընթացը չվտանգելու համար խնդիրը միայն Սահմանադրության փոփոխությունը չէ, այլ վերաբերում է բոլոր օրենքներին, իրավական ակտերին, մեր` որպես քաղաքացիների և որպես կառավարություն գործելաոճին»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` իրենք այն կառավարությունն են, որ միտված է վերջնական խաղաղության հաստատմանը։
«Նորից եմ կրկնում` Սահմանադրության միակ տերը ժողովուրդն է` ունենա՞լ X Սահմանադրություն, թե՞ ոչ։ Մեր կյանքը ստատիկ չէ ու անընդհատ փոփոխվում է, այդ փոփոխությունները երբեմն կրում են աշխարհաքաղաքական բնույթ։ Շատ իրավիճակներ մենք չենք կարող կանխատեսել, դրա համար նոր իրողություններին շատ դեպքերում պետք է հարմարվենք»,– ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ լինելու են բովանդակային փոփոխություններ, Սահմանադրության անփոփոխելի հոդվածները կմնան անփոփոխ։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Արդեն սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀՀ ՍԴ-ն որոշի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ։