ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կրկին կալանավորվել են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Փետրվարի 26–ին հայտնի դարձավ, որ Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից, նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` խափանման միջոցը փոխելու որոշումը բողոքարկվել է, և Վերաքննիչ դատարանը կրկին կալանավորման որոշում է կայացրել։
Հիշեցնենք` 43-ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 11-ին։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության համար ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը։