ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պարզաբանումներ կպահանջի պետական իրավասու մարմիններից Վանաձորում ոստիկանների կողմից վերջին օրերին բռնության դեպքերի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է օմբուդսմենի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Վանաձորում տեղի ունեցած հանցագործության փաստով ոստիկանության բաժին է հրավիրվել տուժողի բարեկամ 28–ամյա Տիգրանը։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ 6 ոստիկաններ ֆիզիկական բռնություն են գործադրել՝ հարվածելով նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, նաև թքել են տղամարդու վրա, քաշել մազերը, հայհոյել։
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները: Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում վերոնշյալ դեպքերով սկսվել է քննարկման ընթացակարգ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս և նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։