ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Խաղաղության համաձայնագրի» տեքստը կապ չունեն արժանապատիվ, տևական և իսկական խաղաղության հետ։ Կարծում է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա այսօր հանդես է եկել հայտարարությամբ։
Հովհաննիսյանը համոզված է, որ որևէ նման նախապայմանագիր բերելու է հանձնվող կողմի ամբողջական կործանման և/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։
«Նա, ով առանց լիազորության յուրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելությունը»,– գրել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է` իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում և պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է:
Նա հավելել է նաև, որ արդի համաձայնագիրը կազմվել է գոյութենական սպառնալիքի ներքո, ուստի նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։