ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստին այսօր «հարցաքննել են» Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` գեներալը նախկին նախագահ Բակո Սահակյանից նման հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր», «Տոչկա-Ու» և «Սմերչ» հրթիռային համալիրներ երբեք չեն եղել:
Մնացականյանին հարցրել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի (Գանձակ) օբյեկտներին հարվածելու մասին։ Գեներալն իբր հայտարարել է, որ նման հրաման կարող էր տալ միայն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
«Դատական» հաջորդ «նիստը» նշանակվել է ապրիլի 3-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: