ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է Երևանի գլխավոր փոստի շենքի կառավարման նոր պլան: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում հայտնեց կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Ավելի վաղ նախատեսվում էր շենքը օտարել բորսային սակարկությունների միջոցով, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան գնել կառավարող ընկերության բաժնետոմսերը։ Այժմ կոմիտեն փոխել է մոտեցումը, աճուրդի փոխարեն կանցկացվի միջազգային մրցույթ, որը կառաջարկի օբյեկտի կառավարման օպտիմալ տարբերակներ։
Ավետիսյանը հիշեցրեց, որ շենքի միայն մի մասն է մնում պետական սեփականություն, որը, սահմանափակ տարածքի և կայանատեղերի բացակայության պատճառով, հարմար չէ ո՛չ հյուրանոցի, ո՛չ էլ բիզնես-կենտրոնի համար:
«Գուցե իմաստ ունի ձեռք բերել հարակիցհրապարակները, օրինակ՝ մինչև Մհեր Մկրտչյան փողոց, իսկ հետո արդեն ամբողջ համալիրը վաճառել ավելի շահավետ պայմաններով», - նշեց նա:
Հիշեցնենք, որ 2023 թ.–ի սեպտեմբերի 7–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած` Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող գլխավոր փոստի շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը։ Այս որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքը պետք է օտարվեր հետևյալ սկզբունքով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %,և ներդրող՝ 50%: