ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Երևան քաղաքում առաջիկայում և՛ այգիների, և՛ մի շարք հասցեների հատվածներում նախատեսվում է սկսել ծառերի փոխարինման և լրացման աշխատանքներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Թե մասնագիտական հանրության, թե քաղաքապետարանի կողմից այս հարցը տարբեր ձևաչափերով քննարկվել է։ Մասնագետները կարծում են, որ Երևանում կան ծառեր, որոնք փոխարինվելու ենթակա են, բայց երբ մենք հայտարարում ենք այդ մասին, շատերը սկսում են խոսել ծառերի սպանդից։ Կարծում եմ, որ այդ մարդիկ շատ դեպքերում չեն պատկերացնում ամբողջ պրոցեսը։ Մյուս շաբաթվանից Թումանյան փողոցում կշարունակվի ծառերի փոխարինման աշխատանքները»,- նշեց Կոստանյանը։
Նա նաև հիշեցրեց, որ միայն 2024 թվականի ընթացքում շուրջ 30 կմ ոռոգման ցանց են ստեղծել, շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր տնկվել և՛ Կենտրոն, և՛ այլ վարչական շրջաններում։ Շեշտեց՝ ոռոգման ցանցի, ընտրված ծառատեսակների արդյունքում շուրջ 95 տոկոս ծառերի կպչողականություն է եղել։
Նշենք, որ նախորդ տարիներին Երևանում իրականացված, այսպես ասած, ծառերի փոխարինման գործընթացը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ անգամ մասնագետներն էին պնդում, որ դրանց մեջ կան ծառեր, որոնք հատելու կարիք չկա, մանավանդ, որ նոր տնկածները տարիներ անց են սաղարթախիտ դառնում։