ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ԱՆԻՖ)։
Ճեպազրույցի ժամանակ Կոստանյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է ֆոնդում ղեկավար կազմի փոփոխություններից հետո։
Նշենք, որ «Հետք» պարբերականը հետաքննություն է իրականացրել, որտեղ բացահայտում է ԱՆԻՖ-ի ոչ թափանցիկ ներդրումները։ Հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներից՝ իբր տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Այն կառավարելու համար ներգրավվում էին անհատ մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն պարզվեց, որ պետական միջոցներն ուղղվել են օֆշորային արմատներով կասկածելի ընկերությունների։ Այսպես, ԱՆԻՖ-ը 1,5 մլրդ դրամ (3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորային գոտում։ Պարբերականի տեղեկություններով՝ ԱՆԻՖ–ի տնօրեն Կարինա Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերուհին է։
Կոստանյանը շեշտեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի միջամտել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին։
«Ինչ-որ մի փուլից եղել են ղեկավար կազմի փոփոխություններ, ու մի փոքր ուսումնասիրելուց հետո պարզ կդառնա, թե ինչից հետո է ԱՆԻՖ-ը լրիվ այլ ուղղությամբ գնացել։ ԱՆԻՖ-ի տնօրենների նախագահը Ֆրանսիայի նախկին վարչապետն էր, ինչը որոշակի ցուցիչ է, թե ինչ հեղինակավոր մարդիկ են եղել ղեկավար կազմում։ Նրա դուրս գալուց՝ տնօրենների խորհուրդը փոխելուց, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ անցնելուց հետո, պրոբլեմներ են առաջացել, ինչ-որ ծրագրեր չեն իրականացվել և այլն»,- նշեց Կոստանյանը։
Խոսքը 2024 թվականի հունվարին կատարված ղեկավար կազմի փոփոխությունների մասին է։ ԱՆԻՖ-ի տնօրենների նախագահն ի սկզբանե եղել է Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը, որը ԱՆԻՖ-ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ` նրան տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Այնուհետև ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհդրի մեկ այլ երկարամյա անդամ` Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է։
Միևնույն ժամանակ Հայկ Կոստանյանը նաև ներկայացրեց, որ ԱՆԻՖ-ը 4,1 մլրդ պետական ֆինանսավորում է ստացել, ինչից հետո 5,5 մլրդ դրամի չափով հարկ է վճարել։ Դա, ըստ Ավինյանի խոսնակի, խոսում է ոչ թե ձախողման մասին, այլ բոլորովին այլ բաների։
Նա ասաց, որ ԱՆԻՖ-ը որոշակի հաջոություններ էլ է ունեցել՝ շուրջ 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ են եղել, ինչպես նաև 7 մլրդ դրամի չափով տեղական ներդրումներ, 900 մլն դրամի չափով էլ համամասնական ներդրումներ են եղել։ Ֆոնդի ստեղծման պահից ի վեր 800 աշխատատեղ է ստեղծվել։
Հավելենք, որ 5 տարվա ընթացքում (ստեղծվել էր 2019 թվականին) ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են Masdar ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով երեք տարուց էլ քիչ։
Հիշեցնենք, որ հիմնադրամի գործունեության ոչ արդյունավետ լինելու և գործունեության շուրջ սկանդալների մասին հայտարարել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։