ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Ադրբեջանի հետ խաղաղության այս համաձայնագրով Հայաստանը դուրս է գալու մի մեծ ու խոր, երկարամյա ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք ու թաղվենք։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե այս բանակցային գործընթացում Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության,– խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
«Արդյոք համնաձայնագրում կա կետ, ըստ որի Ադրբեջանի հետ պայմանավորվել եք, որ պայքարելու եք, այսպես կոչված, ռևանշիզմի դեմ։ Փաշինյանը երեկ ասաց, որ պայմանավորվել են, որ խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չպետք է իրականացվեն։ Օրինակ` նման քայլ կարո՞ղ է լինել Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք։ Ձեզ համար կաթողիկոսը ռևանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք իր դեմ»,–ՀՀ արտգործնախարարից հետաքրքրվեց Վարդանյանը։
Կաթողիկոսի մասով հարցին Միրզոյանի պատասխանը կարճ էր. «Ոչ, չենք համարում»։
Շարունակելով միտքը` նախարարը նաև նշեց, որ խաղաղությունը ՀՀ–ի գոյության միակ ձևն է, և Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից։
«Կան հարցեր, որոնք կարգավորված են, կան հարցեր, որոնք պետք է կարգավորվեն, կան պահանջներ, որոնք կա՛մ մենք, կա՛մ իրենք չեն կիսում, նույնը վերաբերում է ակնկալիքներին։ Այս համաձայնագրի հետ կապված թնջուկն ու բարդությունների խումբն իսկապես մեծ է. խաղաղությունն ընդհանրապես հեշտ գործընթաց չէ»,– հայտարարեց նա։
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկումներին` Միրզոյանն ասաց, որ խաբկանք և պատրանք կարող է տրվել ժողովրդին, երբ օրինակ, ասվի, որ խաղաղությունն ունի այլընտրանք ի դեմս պատերազմի, հոխորտանքների, ռազմական գործողությունների։
«Կարճաժամկետ քաղաքաքական դիվիդենտների համար հայ ժողովրդին, Հայաստանն ավելի խոր փոսի մեջ չգցենք։ Ոչ թե մեկ մարդու, նույնիսկ 3 միլիոնի մասին չէ խոսքը։ Պետությունների ճակատագրական հարցերի մասին խոսելիս երևի թե տեղին չէ այդ ամենը չափել պահանջների քանակով` սա դու ես անում, սա` ես»,– եզրափակեց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։