ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Կուրսկի շրջանում իրավիճակն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը փորձում են փոքր՝ 2-3 հոգանոց խմբերով դուրս գալ շրջափակումից: Իսկ ամբողջ տեխնիկան թողել են։
Նրա խոսքով՝ Կուրսի մարզում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ընտրությունը լինելու է միայն գերի հանձնվելու կամ զոհվելու միջև։
Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահը նշել է, որ հնարավոր 30-օրյա հրադադարը չի նշանակում, որ ՌԴ զինվորականները պարտավոր կլինեն Ուկրաինայի ԶՈւ-ի շրջափակված զորամասերը բաց թողնել Կուրսկի մարզից՝ Ռուսաստանի խաղաղ քաղաքացիների դեմ նրանց կատարած հանցագործություններից հետո:
Հիշեցնենք` մարտի 12-ին խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։
Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։
Գերասիմովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Կուրսկի մարզում մեկուսացված է, այն համակարգված ոչնչացվում է։ ՌԴ զինվորականները Կուրսկի սահմանամերձ գոտու առանձին ուղղություններում հատել են պետական սահմանն ու դուրս եկել Սումիի մարզ։