ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինային մեղավոր է ճանաչել 2014 թվականին Օդեսայում բողոքի ակցիաների ընթացքում բռնությունը չկանխելու մեջ։ Այս մասին ասվում է դատարանի որոշման մեջ:
Զոհվածների թվում են եղել ինչպես Մայդանի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները։
«Դատարանը միաձայն որոշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը, այն է՝ իշխանությունները չեն արել իրենցից ակնկալվող գործողությունները՝ կանխելու 2014 թվականի մայիսի2-ին Օդեսայում տեղի ունեցած բռնությունները», - ասվում է փաստաթղթում:
Դատարանը նաև նշել է, որ միջոցներ չեն ձեռնարկվել բռնությունները կանգնեցնելու և այրվող շենքում արգելափակված անձանց ժամանակին փրկելու համար:
Զոհերի հարազատները՝ 25 մարդ, որոնք հայց են ներկայացրել, պետք է ստանան 15 հազար եվրո փոխհատուցում, իսկ տուժած հայցվորները՝ 12–հազարական եվրո։ Հայցվորներից մեկը կստանա 17 հազար եվրո։ Հրդեհից ողջ են մնացել երեք մարդ՝ ստանալով ծանր այրվածքներ։
2014-ի մայիսի2-ին Մայդանին աջակցող արմատականներն ու ֆուտբոլային ուլտրածայրահեղականները հրկիզեցին Արհմիությունների տունը, որտեղ պատսպարվել էին «Հակամայդանի» ներկայացուցիչները։ Փրկվել փորձող մարդկանցից շատերը գնդակահարվեցին։ Ողբերգության զոհ դարձավ 48 մարդ՝ նրանց մեծ մասը ողջ-ողջ այրվեց, իսկ տուժածների թիվը հասավ 250–ի:
Միջազգային կազմակերպությունները Կիևի իշխանություններին բազմիցս մատնանշել են Օդեսայի ողբերգության հետաքննության հարցում առաջընթացի բացակայությունը և պահանջել պատժել մարդկանց զոհվելու մեղավորներին: Սակայն նախորդող բոլոր տարիներին Ուկրաինայի իրավապահներն այդ հանցագործության համար ոչ մի մարդու պատասխանատվության չեն ենթարկել։