Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Սերժ Սարգսյան
ՀՀ 3–րդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դատախազությունից հայտնել են, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ ), դրան օժանդակելու (3 դրվագ ) համար:
Նշվում է, որ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։