Գերբնական ուժ․ Սաքունց եղբայրները ճկույթով և ատամներով ուղղաթիռ են քաշել, ռեկորդ գրանցել

Յուրաքանչյուր ռեկորդի սահմանման համար եղբայրները ծանր մարզումներ են ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Յուրի և Արթուր Սաքունցներն այսօր համաշխարհային նոր ռեկորդներ են սահմանել՝ ճկույթով և ատամներով ուղղաթիռ քաշելով։

«Նախկինում ավելի ծանր բաներ եմ քաշել՝ 60 տոննա կշռող վագոն, 40 տոննա կշռող տանկ, բայց այս դեպքում լրիվ ուրիշ ֆիզիկական ուժի գործադրում է պետք, քանի որ ուղղաթիռի հավասարակշռությունը լրիվ ուրիշ է»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրի Սաքունցը, որը ձեռքի մեկ ճկույթով կարողացավ ուղղաթիռ քաշել և ռեկորդ գրանցել։

Յուրին նաև հայտնեց, որ պատրաստվում է իր ռեկորդային կարիերան ավարտել 80 տոննա կշռող ինքնաթիռ քաշելուց հետո։ Թե դա երբ կլինի, այս պահին դժվարանում է նշել, քանի որ ծանր մարզումներ ու նախապատրաստական փուլ է պետք։
«Սա անմարդկային ուժի գործադրում է։ Պատկերացրեք՝ ես 65 կգ եմ, բայց քաշում եմ 60000 կգ կշռող առարկա, դա շատ դժվար է, դրա համար և՛ ֆիզիկական պատրաստվածություն է պետք, և՛ կամք, անսահման ջանք և հավատ»,- ասաց նա։
Նշենք, որ Յուրին զբաղվում է բռնցքամարտով, ըմբշամարտով, ուժային եռամարտով, մասնակցում է տեղական և միջազգային մրցումների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է։
Նրա եղբայրը՝ Արթուր Սաքունցը, ուղղաթիռը քաշեց ատամներով և համաշխարհային ռեկորդ գրանցեց։
Արթուրն իր կյանքի առաջին ռեկորդը սահմանել է 16 տարեկանում, երբ երեք ավտոմեքենաներ է քաշել երկու մատով։ Հիմա Արթուրը 22 տարեկան է և արդեն հասցրել է դառնալ Գինեսի հնգակի, աշխարհի քառակի, Հայաստանի քսանակի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ։
Ասում է՝ վնասվածքներ ժամանակ առ ժամանակ ստանում է, բայց դրանք իրեն չեն կանգնեցնում։
Ինչպես 30-ամյա վանաձորցի դյուցազունի անունը գրվեց համաշխարհային ռեկորդների գրքում