Արագածում ձնահյուսի պատճառով անհետ կորած լեռնագնացին դեռ չեն գտել

Որոնողափրկարարական աշխատանքներ
Տուժածներից մեկը պատմել է, որ երբ ձնահյուսը սկսվել է, իրենք մոտ 400 մետր գլորվել են ներքև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արագած լեռան վրա ձնահյուսի պատճառով անհետ կորած լեռնագնացը դեռ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Երեկ` մարտի 11-ին, հայտնի դարձավ, որ Արագած լեռան հյուսիսային գագաթ է բարձրացել 9 անձից բաղկացած արշավախումբ և մնացել ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել են դուրս գալ, 1-ն անհետ կորել է։ 8 անձինք հոսպիտալացվել են թեթև ու միջին պոլիտրավմաներով։
«Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ փրկարար ծառայության` որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժածներից մեկը News.am–ին պատմել է, որ արդեն մոտ են եղել գագաթին, երբ ձնահյուս է սկսվել, ձյունը լցվել է նրանց վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել են ներքև։ Իսպանիայի քաղաքացին պատմել է, որ Հայաստան են եկել դահուկներով սահելու նպատակով։