Ուշադիր հետևում եմ ՀՀ–ում իսպանացի լեռնագնացների փրկության ջանքերին․ Իսպանիայի ԱԳ նախարար

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված ուղղաթիռներից մեկը
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 51 փրկարարական ծառայող և «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության երկու ուղղաթիռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ Նա այդ մասին գրառում է արել X–ի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արագած լեռան հյուսիսային գագաթ է բարձրացել 9 անձից բաղկացած արշավախումբ և մնացել ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել են դուրս գալ, մեկն անհետ կորել է։ 8 անձինք հոսպիտալացվել են թեթև ու միջին պոլիտրավմաներով։
«Շնորհակալ եմ ՀՀ իշխանություններին, Արարատ Միրզոյանին (ՀՀ արտգործնախարար,–խմբ.) համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է մեր քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար»,–գրել է Խոսե Մանուել Ալբարեսը։
Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 51 փրկարարական ծառայող և «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության երկու ուղղաթիռ։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն այսօր հայտարարություն է տարածել` նշելով, որ մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրլեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։ Կենտրոնը հորդորել է խուսափել լեռներ բարձրանալուց։