Ռուսաստանի իշխանությունները մտահոգված են բռնության բորբոքմամբ և անընդունելի են համարում այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը և նրա գործընկերները տարիներ շարունակ ջանքեր են գործադրել տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։
«Բռնության այս բորբոքումը, իհարկե, անընդունելի է», - հավելել է Լավրովը:
Լավրովը հավելել է, որ Սիրիայի նոր իշխանությունների հետ ՌԴ-ի մինչ այժմ կայացած շփումները ցույց են տվել, որ նրանք «ըմբռնումով են մոտենում» ոչ միայն Մոսկվայի, այլև արաբական աշխարհի, Միացյալ Նահանգների և արևմտյան պետությունների ազդանշաններին:
Լավրովը նաև հայտնել է, որ փետրվարի վերջին Անկարա կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ Շայբանիի հետ:
Սիրիայի ափամերձ Լաթաքիա և Տարտուս նահանգներում մարտի 6-ին կատաղի մարտեր են սկսվել մի կողմից Սիրիայի անվտանգության ուժերի և բանակի, մյուս կողմից՝ երկրի նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների զինված խմբերի հետ այս օրերին բախումների հետևանքով զոհվել է ուժային կառույցների 231 աշխատակից:
Գերատեսչությունը նաև մարտի 10-ին հայտարարել է Լաթաքիա և Տարտուս նահանգներում ուժային գործողության ավարտի և իրավիճակի կայունացման մասին:
Իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ բախումների պատճառով սպանվել է ալավիական համայնքի մոտ հազար քաղաքացիական անդամ: Սակայն լրատվականների տվյալներով` սպանվածների թիվը կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինել։