Խուզարկություն է կատարվել 43 գազալցակայանում. հարկերը չվճարելու համար 3 անձ է կալանավորվել

Автозаправочная станция
Ընդհանուր առմամբ 36 գազալցակայանում, ինչպես նաև քննությանը հետաքրքրություն ներկայացնող 7 այլ հասցեներում, միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մի քանի գազալցակայանի սեփականատեր Վ․Կ․-ն ու մի խումբ անձինք ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել, որպեսզի խուսափեն առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հազար 940 դրամ հարկ վճարելուց։
ՔԿ-ն հայտնում է, որ իրենց մոտ քննվում է ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայանում»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկ այլ դեպքով է քննվում է մի շարք այլ գազալցակայանների սեփականատեր Ն․Գ․-ի ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հազար 404 դրամի հարկեր չվճարելու նպատակով խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու քրեական վարույթը։ Ն․Գ․-ին նույնպես թվով 18 գազալցակայան է պատկանում։ Այստեղ նույնպես գործել է նույն մեխանիզմը՝ ինչ Վ․Կ․-ի դեպքում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշումներով` վերը նշված քրեական վարույթներով ստեղծվել է քննչական խումբ, որում ընգրկվել է 50 քննիչ։
Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության ծառայողները 36 գազալցակայանում, ինչպես նաև քննությանը հետաքրքրություն ներկայացնող 7 այլ հասցեում միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել։
Հայաստանում ավտոմեքենաների թերլիցքավորման դեմ պայքարի չիպեր առայժմ չեն տեղադրի
Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չկատարելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու հոդվածներով։
7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի դեպքում դրանք բավարարվել են, իսկ 4-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները: