ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Չին-ռուսական բարեկամության պատմական տրամաբանությունը չի փոխվի, իսկ դրա ներքին շարժիչ ուժը չի նվազի, որքան էլ փոխվի միջազգային լանդշաֆտը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Պատմական փորձի խորը ըմբռնման վրա հիմնվելով՝ Չինաստանն ու Ռուսաստանը որոշել են հավերժ լավ բարեկամություն ստեղծել համապարփակ ռազմավարական համակարգում և փոխշահավետ համագործակցություն իրականացնել: Իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում երկու երկրները բռնել են չառճակատելու և իրենց հարաբերությունների ձևավորման մեջ երրորդ կողմերին չթիրախավորելու ուղին։ Չինաստանի և Ռուսաստանի միջև հասուն, կայուն հարաբերությունները չեն փոխվի որևէ իրադարձությունից, առավել ևս չեն ենթարկվի երրորդ կողմի միջամտության», – հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը։
Վան Ին նաև ընդգծել է, որ 2025 թվականին նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, որում կարևոր դեր են խաղացել Չինաստանը և Ռուսաստանը։
«2023 թվականին երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ առաջնորդները երեք հանդիպում ունեցան՝ ամրապնդելով ռազմավարական գործընկերությունը: Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ երկրները մտադիր են համատեղ պաշտպանել պատմական ճշմարտությունը, պաշտպանել պատերազմի արդյունքները և աջակցել ՄԱԿ-ի միջազգային համակարգին՝ արդար աշխարհակարգի ձգտելով», – նշել է Վան Ին։
Մարտի 5–ին Պեկինում բացվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ 14-րդ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինաստանյան ժողովի երրորդ նստաշրջանը, որը կտևի մինչև մարտի 11-ը։