Եվրոպան պաշտպանություն է առաջարկել Ուկրաինային հրթիռային հարձակումներից

Զելենսկու և Թրամփի լեզվակռվից և Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան ռազմական օգնության դադարեցումից հետո Ուկրաինայի օդային պաշտպանության գաղափարը Եվրոպայում նոր թափ է ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արևմտյան զինվորականները մշակել են Sky Shield («Երկնային վահան») կոչվող ծրագիր՝ Արևմտյան Ուկրաինայի հակաօդային պաշտպանության նպատակով ԵՄ 120 կործանիչ ինքնաթիռներից բաղկացած օդուժ տեղակայելու համար, հաղորդում է Guardian թերթը:
Ենթադրվում է, որ ծրագիրը մշակվել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի նախկին պլանավորողների և Ուկրաինայի Զինված ուժերի կողմից:

«SkyShield»-ի հիմնական խնդիրը Ուկրաինայի արևմտյան մասի օդային տարածքը թևավոր հրթիռներից պաշտպանելն է։ Ներգրավված մարտական ինքնաթիռները օդ կբարձրանան եվրոպական ավիաբազաներից՝ իրենց գործողությունները սերտորեն համակարգելով Ուկրաինայի ՌՕՈւ-ի հետ», - ասված է փաստաթղթում, որին հղում է անում Guardian-ը։

Դրանով իսկ նախաձեռնության հեղինակները ցանկանում են ազատել ուկրաինական օդուժի ռեսուրսները, որոնք, ըստ իրենց, կարող են տեղափոխվել արևելք։
Որպես խնդիր նշվում է նաև ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումը, քանի որ պարեկություն անող եվրոպական կործանիչները, արևմտյան զինվորականների կարծիքով, կկարողանա Կիևը պաշտպանել հրթիռների և ԱԹՍ-ների հարվածներից: Փաստաթղթում ասվում է, որ «SkyShield»-ը կարող է ավելի նշանակալի ազդեցություն ունենալ, քան Ուկրաինա ԵՄ 10 հազար զինվոր ուղարկելը։
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ Ամերիկայի կողմից Կիևին օգնությունը դադարեցնելուց հետո Եվրոպայի երկրները կարող են Ուկրաինային տրամադրել իրենց SAMP-T հրթիռային համակարգերը՝ որպես ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի փոխարինող: