Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունը. Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը. Արխիվային լուսանկար
Վարդան Օսկանյանը ՀՀ արտգործնախարարի երեկվա ելույթից հետո Հայաստանի իշխանություններին մեղադրել է վախկոտության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները, պատանդները և այլ պահվող անձինք ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունները։ Այս մասին իր հերթական տեսաուղերձներում ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 5-ին ԱԺ–ում, անդրադառնալով Վարդան Օսկանյանի առաջարկին, որ պետք է չեղարկել խաղաղության պայմանագրի աշխատանքները` նախապայման դնելով գերիների վերադարձ, այն գնահատեց ոչ սթափ։
«Զգում եմ, որ մեր իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել` իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար: Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեր առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։ 1,5 տարի կլինի, որ այդ տղաներն անօրինաբար Բաքվի բանտում են, և ՀՀ իշխանությունները, ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ ոչինչ չեն արել: Դրա ամենավառ ապացույցն այդ մեծ հնարավորության կորուստն էր, որ ԱԳՆ-ն բաց թողեց իր ձեռքից՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելութում որևէ անդրադարձ չանելով այս հարցին»,– ասել է նա:
Նախկին արտգործնախարարը հիշեցրել է ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի խոսքերը, որը դատարանում հայտարարել էր, որ Արցախի ինքնորոշումը քրեական և դատական գործընթացի առարկա չէ։
«Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման, միգուցե խոշտանգումների ներքո ասաց՝ սա մեր ինքնորոշման պայքարն է եղել, օրինական է եղել, և դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել: Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են ու անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով: Դուք անկախ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք և գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունք են»,– տեսաուղերձում նշել է Օսկանյանը։
Ես դա գնահատում եմ որպես սադրանք․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկի մասին
Նախկին նախարարը վստահ է, որ ԱԳՆ-ի վերջին օրերի հայտարարություններն ու ելույթներն ընդամենը ժողովրդական բողոքի ու զայրույթի արդյունք են։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ասել է` ինչ պետք է անի Փաշինյանը գերիներին փրկելու համար