Ամեն մեկն իր պատկերացրած ձևով. Աղվան Վարդանյանն ընդդիմադիր գործընկերներին առաջարկ արեց

Ընդդիմադիր պատգամավորն ասել է` որը պետք է լինի ընդդիմության թիվ 1 խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հորդորում է ընդդիմադիր բոլոր գործընկերներին գործել գլխավոր հիմնական ուղղությամբ` ամեն մեկն իր պատկերացրած ձևով։ Այս մասին նա ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 17–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները խնդիրներ չունեն, բայց չմիավորվելու պատճառն այն է, որ այդ միավորումն արդյունավետ չի լինելու։ Այս, ինչպես նաև Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերջին հրապարակումները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել. կարծիքներ են հնչում, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների թիմերն «առճակատման մեջ են»։
«2015–ից Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Փաստ է`2018-ին գործադիր իշխանությունը հանձնել է խորհրդարանը, երբ ՀՀԿ–ն մեծամասնություն էր։ Կարո՞ղ էին չհանձնել։ Իրենք ասել էին` եթե իմանայինք այսպիսի հետևանքներ է լինելու, այլ կերպ կվարվեինք, ավելի վճռական կլինեինք։ 2015 թվականին Սահմանադրության նախագծի վերաբերյալ երկրորդ նախագահն (Ռոբերտ Քոչարյանը,–խմբ.) ասել էր, որ այնտեղ թաքնված մեծ ռիսկ կա ու ինքն էլ այնպիսի զգացողություն ունի, որ մի նոր ղեկավարող առաջնորդող ուժի փորձ է արվում»,– նշեց Վարդանյանը։
Նա ընդգծեց` հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն. օրինակ` եթե երրորդ նախագահը (Սերժ Սարգսյանը,–խմբ.) չառաջադրվեր վարչապետի պաշտոնում, ի՞նչ կլիներ։
«Հորդորում եմ ամփոփել այս թեման, արձանագրել տարանջատումը և գործել գլխավոր հիմնական ուղղությամբ` ամեն մեկն իր պատկերացրած ձևով»,– շեշտեց պատգամավորը։
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն միավորվում. ՀՀ 2–րդ նախագահի պատասխանը
Վարդանյանն ընդգծեց` այժմ օրակարգում առաջնային խնդիրն այնուամենայնիվ մնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը, ոչ թե այն, թե ով է նրան բերել իշխանության։