44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած. «Ժողովուրդ»

Զոհվածների մարմինների որոնում. Արխիվային լուսանկար
Թերթը հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3941 անձ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը հարցում էր արել ՀՀ քննչական կոմիտե։
Նշենք, որ վերջին անգամ նման տվյալներ ներկայացվել է 2022 թվականի ապրիլի 13-ին։ Այն ժամանակ նշվել էր, որ զոհերի թիվը 3 825 է, անհետ կորած էր համարվում 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

«Փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 941 անձ, այդ թվում՝ 1702-ը՝ ժամկետային զինծառայող, 860-ը՝ կամավորական, 864-ը՝ պահեստազորային, 143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ, 44-ը՝ քաղաքացիական անձինք։ Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը»,– գրում է թերթը։

Պարբերականը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչ օրս՝ 5 տարվա ընթացքում, չի հրապարակել որևէ մաս գուցե նաև անպատրաստ զեկույցից։
Թերթը գրել է նաև, որ Ադրբեջանի ՊՆ–ն էլ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվ է հայտնել 2900 զինվորական, 14 զինծառայող էլ համարվում է անհետ կորած։ Սրանք, իհարկե, պաշտոնական թվերն են, սակայն դժվար թե դրանք իրականությանը համապատասխանեն։
Քննչական կոմիտեից օրաթերթին հայտնել են նաև, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողի հարազատ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում։ 82 զինծառայողի հարազատ հրաժարվում է հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները: