ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նվազեցնել Կանադայի և Մեքսիկայի դեմ ավելի վաղ սահմանված առևտրային մաքսատուրքերից մի քանիսը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը։
Մեղմացումները կարող են վերաբերել ավտոմոբիլային ոլորտին:
«Նա ուսումնասիրում է, թե շուկայի որ հատվածներում կարելի է մաքսերի նվազեցում կատարել. դա, հնարավոր է, լինի ավտոարդյունաբերության կամ մյուս ոլորտներում»,– «Bloomberg»-ին տված հարցազրույցում ասել է Լատնիկը:
Նրա խոսքով՝ չնայած հնարավոր փոփոխություններին, սակագնային միջոցներն ընդհանուր առմամբ կմնան ուժի մեջ, քանի որ դրանք կապված են ԱՄՆ-ի՝ ֆենտանիլի մատակարարումների դեմ պայքարի հետ: Մաքսատուրքերի վերանայման վերաբերյալ առանձին որոշումներ կարող են ընդունվել արդեն առաջիկա օրերին, սակայն առևտրային միջոցառումների ավելի ծավալուն վերանայում սպասվում է ապրիլի 2-ին:
«Տուրքերն ամեն դեպքում կմտցվեն։ Բայց նախագահը դիտարկում է, թե մինչև ապրիլի 2-ը շուկայի որ հատվածներում, հնարավոր է, մեղմացումներ լինեն», - հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն 25 % մաքսատուրք էր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներկրումների համար, ինչն առաջացրել էր գործարարների մտահոգությունը: Լատնիկը նշել է, որ Սպիտակ տունը քննարկում է մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունը այն ապրանքների համար, որոնք համապատասխանում են Թրամփի առաջին նախագահական ժամկետում կնքված USMCA առևտրային համաձայնագրի պահանջներին: