Նազելի Բաղդասարյանն ասաց, որ իր տնից գողացել են շուրջ 2 մլն 700 հազար դրամի զարդեր

Ավելի վաղ լրատվամիւջողները գրել էին, որ Նազելի Բաղդասարյանի տունը թալանողները նրան մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս են պատճառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տնից գողացել են մոտ 2 մլն 700 հազար դրամ արժողությամբ զարդեր։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Լրատվականներից մեկում կարդացի` առանձնակի խոշոր չափերի գումար։ Եթե չեմ սխալվում, Քրեական օրենսգրքով առանձնակի խոշոր չափերի գումար է համարվում 5 մլն դրամից ավելին։ Խնդրեցի այդ լրատվամիջոցին իրականությանն ավելի մոտ թվեր գրել»,– ասաց նա։
Բաղդասարյանը հավելեց, որ գողոնն ամբողջությամբ ոսկյա զարդեր են եղել։ Տեխնիկա ու կանխիկ գումար չեն տարել։
Նշենք` փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ գողերը Բաղդասարյանին մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս են պատճառել։