ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է 24news–ը։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ Թանդիլյանին մոտ 30 րոպե առաջ են տեղափոխել, խնդիրը կապված է եղել սրտի հետ։
Մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի, իր այդ քայլով կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մանե Թանդիլյանի բժիշկը` Կարեն Մաթևոսյանը, հայտնեց, որ առողջական վիճակում կարծես թե վատթարացում կա` խոստանալով ավելի ուշ մանրամասներ հայտնել։
Հիշեցնենք, որ մարտի 3–ին էլ էր նրա ինքնազգացողությունը վատացել ու շտապօգնություն էր հրավիրվել Ազատության հրապարակ։ Մանե Թանդիլյանի մոտ այդ օրն արտահայտված հաճախասրտություն էր, սրտխփոցով։