ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում միջնորդ լինել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում և «խառնվել վեճերին», սակայն Մինսկը պատրաստ է օգնել, եթե դա անհրաժեշտ լինի։
«Ես չէի ցանկանա ինչ-որ միջնորդ լինել, հատկապես` Ուկրաինայում հարաբերությունների կարգավորման հարցում: Ոչ մի միջնորդություն... Եթե ինչ-որ մեկը (նրանք, ովքեր լուծում են այդ հարցը) հետաքրքրություն տեսնի Բելառուսի նկատմամբ, մենք միշտ պատրաստ ենք դրան։ Բայց այդ վեճերին խառնվելը... Մենք արդեն մի անգամ խառնվել ենք», – ասել է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Մինսկում 2015 թվականին նորմանդական ձևաչափով կայացել էին Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունները։
«Եվ ի՞նչ... Պարզվում է, որ Եվրամիությունը ներկայացնող արևմտյան մեծ երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, որոնց ամերիկացիները աջակցում էին, եկել էին խաբելու Ռուսաստանին: Այդ մասին նրանք հետո խոսեցին: Բայց դա սուտ է, այն ժամանակ ամեն ինչ այդպես չի եղել. ամեն ինչ լուրջ էր, և ոչ ոք չէր պատրաստվում որևէ մեկին խաբել», – ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով` ավելի ուշ, երբ իրավիճակը փոխվեց, Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին առաջնորդները՝ Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը, «պետք է տեղավորվեին այդ իրավիճակի մեջ», և նրանք ասացին, որ գլխավոր դեր են խաղացել նրանում, որ Ուկրաինան ժամանակ ստանա պատրաստվելու Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների։
«Դա սուտ է։ Բայց քաղաքականության մեջ դա լինում է», – նշել է Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:
Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր: