ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո, հայտնում է Tasnim-ը։
Ավելի վաղ Ֆիդանը Al Jazeera-ին ասել էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել տարածաշրջանում իր նվաճումների համար:
Արտգործնախարարի օգնական, Իրանի ԱԳՆ Միջերկրածովյան և Արևելյան Եվրոպայի վարչության գլխավոր քարտուղար Մահմուդ Հեյդարին դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ Թուրքիան պետք է խուսափի անպատեհ մեկնաբանություններից, որոնք կարող են տարաձայնություններ կամ լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկու հարևանների ընդհանուր շահերը։
Իրանցի դիվանագետը սիոնիստական ռեժիմի մշտական «ագրեսիայի և էքսպանսիոնիզմի ակտերը մեծագույն սպառնալիք է որակել տարածաշրջանային կայունության և անվտանգության համար:
«Ակնկալվում է, որ հիմնական իսլամական երկրներն իրենց ջանքերը կկենտրոնացնեն Պաղեստինի հալածված ժողովրդի և տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Սիրիայի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և ագրեսիային վերջ դնելու վրա», – ասել է Հեյդարին թուրք դեսպանին։
Իր հերթին Քիրլանգիչը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնման օգտին։
Դեսպանի խոսքով՝ Թուրքիան և Իրանը պետք է սերտորեն համագործակցեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման և առկա սպառնալիքներին հակազդելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ապակառուցողական էր անվանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները Սիրիայում Թեհրանի քաղաքականության վերաբերյալ։