Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է մեքենայի վրա. 2 մարդ է վիրավորվել

Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի մարզը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոյարուժսկի շրջանի Ռեպյախովկա գյուղում ամուսնական զույգ է վիրավորվել ընթացքի մեջ գտնվող մարդատար ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման ժամանակ: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ալիքում։

«Կրասնոյարուժսկի շրջանի Ռեպյախովկա գյուղում դրոնը հարվածել է մարդատար մեքենային։ Երկու վիրավոր կա. կինը ծանր վիճակում է՝ դեմքի, ձեռքերի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներով: Նրա ամուսինը դեմքի բեկորային վնասվածք է ստացել։ Շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխում է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց, անհրաժեշտ օգնությունը տրամադրվում է: Տրանսպորտային միջոցը վնասվել է»,-նշել է Գլադկովը։

Մարզի ղեկավարի տվյալներով՝ Շեբեկինսկի շրջանի Մեշկովոյե գյուղում ԱԹՍ-ն պայթել է սեփական տան մոտ։ Բորիսովսկի շրջանի Նիկոլսկի խուտորում դրոնը հարձակվել է սոցիալական օբյեկտի շենքի վրա։
«Վոլոկոնովսկի շրջանում Տիշանկա գյուղի կրկնակի գնդակոծության արդյունքում սոցիալական օբյեկտում վնասվել է տանիքը, կոտրվել են պատուհանները, վնասվել է նաև դրա տարածքում գտնվող օժանդակ տարածքը: Բացի այդ, մասամբ ավերվել է մասնավոր տան բակում գտնվող տնտեսական շինությունը։ Բորիսովկա գյուղում FPV-դրոնի հարվածից առևտրային օբյեկտ է վնասվել»,-հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։