Ֆուտբոլային երկրպագուները ձերբակալվել են խուլիգանություն կատարելու մեղադրանքով. ՔԿ

Երկրպագուները նախօրոք հայտարարել էին իրենց խաղաղ ակցիայի մասին, որը ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի պրեմիեր լիգայի «Փյունիկ»–«Արարատ–Արմենիա» հանդիպմանն ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության մեղադրանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ խաղը կայացել է մարտի 1-ին։ ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) հայտնել էր, որ 9 երկրպագու է ձերբակալվել, բայց ակցիայի մասին նախապես հայտարարվել էր ու նշվել, որ այն խաղաղ է լինելու` ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով։ ՖԱՖ–ը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունը բռնի ու ոչ համաչափ ուժ է կիրառել։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Կա 9 ձերբակալված անձ»,– նշեցին ՔԿ–ից։
Ֆուտբոլի երկրպագուները ձերբակալվել են 72 ժամով։
Հավելենք, որ փետրվարի 28-ից Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսել են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։