ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղը
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղը
ՖԱՖ-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունն անհարկի բռնի ուժ է կիրառել երկրպագուների հանդեպ, որոնք պատրաստակամ են եղել լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայաստանի պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանն անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ֆուտբոլի 9 երկրպագու է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ)։ Նշվում է, որ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը բռնի և ոչ համաչափ ուժի է կիրառել։
«Ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը»,- նշված է ՖԱՖ-ի տարածած հայտարարության մեջ։
ՖԱՖ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին՝ շեշտելով, որ ակցիաները խաղաղ բնույթ ունեն։
«Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- եզրափակում է ՖԱՖ-ը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը խոտերին էր փռել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած երկրպագուներին։
Ավելի վաղ ՖԱՖ-ը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։ Ակցիաներն իրականացվելու են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։