ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է Իսրայելի հետ հրադադարի մասին եռափուլ համաձայնագրին և պահպանում է այն ամբողջ ծավալով, սակայն ընթացիկ փուլում Իսրայելը սաբոտաժի է ենթարկում այդ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման նոր առաջարկների մասին:
«Այս պահի դրությամբ բոլորը հավանաբար արդեն լսել են միջազգային լրատվական գործակալություններում շրջանառվող լուրերը հրադադարի «նոր» համաձայնագրի վերաբերյալ․․․ Մենք (ՀԱՄԱՍ-ը) արդեն միջնորդների, այդ թվում՝ ամերիկացիների միջոցով հրադադարի մասին եռափուլ համաձայնագիր ենք ստորագրել։ Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին և արդեն ազնվորեն իրականացնում ենք այն ամբողջ ծավալով»,-ասվում է հայտարարության մեջ։
Գազայի հատվածում 42 օր տևած համաձայնեցված հրադադարի ավարտից հետո մարտի 1–ի լույս 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա տարաձայնությունները: Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը` ոչ։ Դրանից հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց Գազայի հատված մարդասիրական օգնության ներմուծման դադարեցման մասին։
«Այն, ինչ անում են Նեթանյահուն և նրա կառավարությունը, որին աջակցում է ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հրադադարի համաձայնագրի աղաղակող խախտում է։ Դրանով նրանք կրում են իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը․․․ Նրանք սաբոտաժի են ենթարկում համաձայնագիրը, որը, ինչպես սպասվում էր, որոշակի կայունություն և անվտանգություն կբերի բոլորի համար և ճանապարհ կբացի առաջ»,-նշվում է հայտարարության մեջ։
Նաիմը նաև միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել և Իսրայելին պարտավորեցնել կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ նոր ծրագիրը նախատեսում է երկարաձգել հրադադարի ռեժիմը Ռամադանի և Փասեխի ժամանակահատվածի համար ևս մեկուկես ամսով: Ծրագիրը ենթադրում է Գազայի հատվածից իսրայելցի պատանդների կեսի ազատ արձակում՝ դրա իրականացման առաջին օրը։ Մշտական հրադադարի մասին համաձայնության հասնելու դեպքում ազատ կարձակվեն մնացած բոլոր առևանգվածները։