ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը միաձայն խորհուրդ է տվել նրան դադարեցնել բանակցությունները Վլադիմիր Զելենսկու հետ փետրվարի 28-ին տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը։
«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել այդ վեճից հետո, երբ մամուլին խնդրել են հեռանալ, և մենք փաստացի միաձայն նախագահին խորհուրդ ենք տվել, որ Օվալաձև աշխատասենյակում նման վիրավորանքից հետո մենք պարզապես չենք տեսնում, թե ինչպես կարելի է առաջ շարժվել, և ցանկացած հետագա փոխգործակցություն հետքայլ կլինի», - ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում:
Ուոլցը հավելել է, որ օգտակար հանածոների վերաբերյալ արդյունավետ բանակցություններն ու գործարքի կնքումը կարող են «դրական պահ դառնալ Ուկրաինայի համար»: «Սակայն դրա փոխարեն պարզ է դարձել, և կարծում եմ, որ հենց դա է այնքան տխրեցրել և, անկեղծ ասած, զայրացրել նախագահին, որ Զելենսկին հստակ չի հասկացրել, որ ցանկանում է դադարեցնել մարտերը», - նշել է նա։
Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականը նաև ասել է, որ վիճաբանությունից հետո Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանը և Զելենսկու խորհրդականները «իրականում արցունքոտ աչքերով» խնդրել են շարունակել բանակցությունները, բայց Զելենսկին շարունակել է վիճել, քանի որ նա արդեն սովոր է Վաշինգտոնի անվերապահ աջակցությանը:
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում, այն վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։