ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Չինաստանի իշխանություններն արհեստական բանականության ոլորտում իրենց առաջատար գործիչներին հրահանգել են խուսափել ԱՄՆ մեկնելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ ՉԺՀ-ի իշխանություններն անհանգստացած են, որ արտերկիր մեկնող ԱԲ գծով չինացի փորձագետները կարող են գաղտնի տեղեկատվություն հրապարակել երկրի առաջընթացի մասին կամ կարող են ձերբակալվել և որպես ճնշման լծակ օգտագործվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցություններում:
Ընդ որում, ինչպես ճշտում է թերթը, ուղևորությունների ուղղակի արգելք չի եղել, ավելի շուտ հրահանգներ են տրվել Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Շանհայի, Պեկինի և Չժեցզյանի իշխանությունների կողմից:
Ինչպես թերթին հայտնել են աղբյուրները, արհեստական բանականության և ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտների, ինչպիսիք են ռոբոտաշինությունը, տեղական առաջատար ընկերությունների ղեկավարներին խորհուրդ է տրվում առանց ծայրահեղ անհրաժեշտության չուղևորվել ԱՄՆ և նրա դաշնակից երկրներ, իսկ նրանց, ովքեր որոշել են գնալ, պետք է մեկնելուց առաջ հայտնեն իրենց ծրագրերի մասին, իսկ վերադառնալուց հետո տեղեկացնեն, թե ինչ են արել և ում հետ են հանդիպել:
Փետրվարին Google տեխնոլոգիական կորպորացիայի էներգետիկ շուկայի զարգացման և նորարարությունների բաժնի ղեկավար Քերոլայն Գոլինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն էներգետիկ հզորությունների ճգնաժամ է ապրում Չինաստանի հետ ԱԲ տեխնոլոգիաների զարգացման մրցավազքի ֆոնին:
Չինաստանում հիմնված DeepSeek ընկերությունը հունվարի 20-ին հայտարարել է ԱԲ վրա հիմնված R1 օգնականի թողարկման մասին, որը, ինչպես նշված է իր կայքում, չի զիջում ChatGPT-ին: Համապատասխան բջջային հավելվածը օգնականի նոր տարբերակի թողարկումից հետո գլխավորել է վարկանիշները մի շարք երկրներում։ Մասնավորապես, Apple-ի հավելվածների խանութում՝ App Store-ում, DeepSeek-ի օգնականը զբաղեցրել է առաջին տեղը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄԷ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Չինաստանում: Հունվարի 27-ին ծառայության հաջողությունը ամերիկյան տեխնիկական հատվածի անկում է առաջացրել. այդ օրը Nasdaq Composite բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքսը նվազել է 3,07 տոկոսով, Nvidia-ի բաժնետոմսերը կորցրել են արժեքի 17 տոկոսը: